суббота, 9 февраля 2013 г.

ՙԿԱՆԱԿԱ՚ ԲԲԸ-ն ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

Փետրվարի 6-ին շահագործման հանձնվեց Արմավիրի մարզի Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որի հիմնանորոգումը սկսվել էր 2011 թ. մարտից: Ծայրահեղ անբարեկարգ վիճակում գտնվող կրթօջախը հիմնանորոգումից հետո այսօր դարձել է Հայաստանի նորարարական ուսումնական հաստատություններից մեկը: Դպրոցում հիմնադրվել է Հայաստանում առաջին՝ ատամների մաքրման կայանը: Բրազիլական մոդելով կառուցված այս սենյակը հագեցած է լվացարաններով, ատամի խնամքի պարագաներով, ցուցադրական-ուսումնական նյութերով: Կրթօջախի տարրական դասարանների աշակերտները դասամիջոցներին կայանում պետք է մաքրեն իրենց ատամները: Մյուս նորամուծությունը ստեղծագործարանն է, որը համադրում է դպրոցի գրադարանը, համակարգչային դասարանը: Դպրոցում գործում է նաև հատուկ կահավորումով և ձևավորումով տարրական դասարան: Դասարանը բաժանված է երկու մասի, որոնցից մեկը նախատեսված է դասերի, մյուսը՝ խմբային աշխատանքների և խաղերի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից երեխաները նախընտրում են սովորել նաև դասարանից դուրս, դպրոցում ստեղծվել է ճեմուղի, որտեղ ուսուցիչները կարող են անցկացնել բացօթյա դասեր: Դպրոցում հիմնադրվել է նաև ՙՎերնատուն՚, որտեղ սովորողները, արվեստի դասեր անցկացնելուց զատ, ոգեշնչող միջավայրում հնարավորություն ունեն անցկացնել քննարկումներ, բանավեճեր տարբեր թեմաների վերաբերյալ: 250 աշակերտ ունեցող դպրոցը հիմնանորոգվել է Վանաձորի ՙԿանակա՚ ընկերության կողմից: Դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՙՀայաստանի մանուկներ՚ հիմնադրամի բարերարների ջանքերով: Հատուկ ծրագրերով դպրոցին աջակցել են ՙՎիվաՍելլ-ՄՏՍ՚ ընկերությունը, ՙԷյչ-Էս-Բի-Սի-Հայաստան՚ բանկը, ՙՔրոնիմետ՚ բարեգործական ընկերությունը, ՙԿանակա՚ ընկերությունը: Նվիրատվություն է կատարել նաև գյուղի գործարար Գնունի Անտոնյանը: Դպրոցի բացման արարողությանը Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցեցին ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պաշտոնական այլ անձինք, ՙՀայաստանի մանուկներ՚ հիմնադրամի հիմնադիր ատենապետ, նյույորքաբնակ դոկտոր Գարո Արմենի որդին՝ Սամվելը, հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը, կառույցի շինարարները, լրագրողներ, մտավորականներ և ուրիշներ: Բացման համար նախատեսված կարմիր ժապավենը կտրեց Արմավիրի մարզպետը: Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները շրջեցին շենքում, եղան դասասենյակներում, մարզադահլիճում և ՙՎերնատանը՚: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին շինարարության որակից՝ շեշտելով ինքնատիպ լուծումներով վերակառուցված և կահավորված սենյակների բարետեսությունն ու հարմարավետությունը: -Շինարարությունը, իրոք, կատարվել է եվրոպական չափանիշներին համապատասխան: Հատկապես գնահատելի է ՙԿանակա՚ ԲԲԸ-ի՝ ստեղծագործաբար մոտենալու սկզբունքը,- մեր զրույցի ժամանակ ասաց Սերոբ Խաչատրյանը,- Դրվատանքի է արժանի ՙԿանակա՚ ԲԲԸ-ի նախագահ Հայկ Հովիվյանի նախաձեռնությունը, որի շնորհիվ ընկերությունը կառուցեց և դպրոցին նվիրեց ՙՎերնատունը՚, որը նախատեսված է գեղանկարչության և արվեստի այլ ճյուղերով զբաղվելու հակում ունեցող երեխաների համար: Դպրոցի տնօրինությունը և ուսուցիչները նույնպես գոհունակություն հայտնեցին շինարարության որակից՝ հավաստելով, որ շենքը կպահպանեն պատշաճ ձևով, քանզի այն արդեն Արմավիրի մարզի ամենաներկայանալի կրթօջախներից մեկն է:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Արմավիրի   Քարակերտ   գյուղի   դպրոցի բացմանը  
              ներկա   է   Սերժ    Սարգսյանը

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ՍԿՍՎԵՑ  ՄԱՐՏԻՆ  2011 թ
























Комментариев нет:

Отправить комментарий