воскресенье, 28 октября 2012 г.

                

ՆՈՐԱՄՈՒՏ

Վանաձորում բացվեց Օրրանի նորակառույց մասնաշենքը



                                               Լոռի ՀԸ 23.10.2012



Օրրանի համար նոր մասնաշենքի կառուցումը Վանաձորում սկսվեց երկու տարի առաջ Օրրան կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի և նրա ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Շենքի շինարարությունը ստանձնեց ՚՚Կանակա՚՚ շինարարական կազմակերպությունը` ի դեմս նախագահ Հայկ Հովիվյանի: Շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ էր ավելի քան մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Տիկին Արմինեն խոստացավ հայթայթել անհրաժեշտ գումարը, Հ. Հովիվյանը` շենքը շահագործման հանձնել ժամանակին ու որակով: Նրանք հաստատկամ էին իրենց խոստման մեջ. շենքը շահագործման հանձնվեց ճիշտ ժամանակին, իսկ արդյունքը գերազանցեց սպասելիքները:
Հոկտեմբերի 23-ին անցկացվեց Օրրանի նոր, եռահարկ մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին Հովհաննիսյան ամուսինները, կենտրոնի կառուցման հովանավորներ անգլիահայ բարերարներ Գրիգոր և Աննա Գրիգորյանները, որոնց անունով էլ կոչվել է կազմակերպության նոր մասնաշենքը, ՚՚ՎիվաՍել-ՄՏՍ՚՚-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել շենքի կառուցման հարցում, մշտապես կազմակերպության կողքին է և այսուհետ ևս պատրաստակամ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Շենքի կառուցման համար իրենց ներդրումններն են ունեցել  Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը,  իտալական CIPS կազմակերպությունը, որի ներկայացուցիչները ևս ներկա էին հանդիսությանը, նրանց մի մասը ժամանել էր Իտալիայից հատուկ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Լոս-Անջելեսից միջոցառմանը մասնակցելու համար ժամանել էին բարերարներ Զավեն և Սոնյա Աքյանները, Ալվարդ Բարսեղյանը, Սյուզն Քլեյնը, Արաբական Միացյալ Էմիրաթներից` Նազո Բուրղուրջյանը, ովքեր մշտապես նյութական և բարոյական աջակցություն են ցուցաբերում կազմակերպությանը: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:
- Ինձ մնում է ողջունել, շնորհակալություն հայտնել այս կարևոր գործը նախաձեռնողներին, բարերարներին և վստահեցնել, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես ձեր կողքին են լինելու` աջակցելով ցանկացած հարցում: Այսօր մեծահարուստներից շատ քչերն են կարողանում բաժին հանել իրենց միջոցներից, ուստի բարերարների ներդրումն անգնահատելի ծառայություն է,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Արմինե Հովհաննիսյանը, Վանաձորում Օրրան կազմակերպության մասնաճյուղը գործում է դեռևս 2009 թվականից, սական,  ըստ Հովհաննիսյան ընտանիքի կատարած ուսումնասիրության, երկրորդ մասնաշենքի կառուցումը պարզապես անհրաժեշտություն էր, ուստի  նախաձեռնության մասին տեղյակ է պահվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, ով ողջունել է նախաձեռնությունն` առաջարկելով իր ծառայությունները: Քաղաքապետը ևս շնորհավորեց նորամուտի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց բարերարներին և Հովհաննիսյան ընտանիքին:
- Այստեղ մեր քաղաքի երեխաները հնարավորություն կունենան արտադպրոցական կրթություն ստանալու, արհեստներ սովորելու և որ ամենակարևորն է` փողոցից կտրվելու ու հասարակությանը պիտանի մարդ լինելու,- ասաց Ս. Դարբինյանը:
Ռալֆ Յիրիկյանը Օրրանի կողքին է եղել հիմնադրման օրվանից և անցած տարիների ընթացքում մշտապես ֆինանսական զգալի  աջակցություն է ցուցաբերել:
- Մեր խնդիրն է վերացնել մուրացիկությունը, ունենալ երջանիկ երեխաներ: Երեխաներին ուրախություն պարգևելով, երջանկություն տալով` մենք դնում ենք առողջ սերունդ ու ապագա ունենալու հիմքերը: Այս գաղափարից ելնելով է, որ ՚՚ՎիվաՍել- ՄՏՍ՚՚-ը մշտապես պատրաստ է աջակցելու Օրրանին: 
Տիկին Արմինեի ներկայացմամբ` Գրիգոր Գրիգորյանը յուրահատուկ անձնավորություն է` ծնվել է  Կիպրոսում, ապրել Պաղեստինում, այժմ բնակվում է  Անգլիայում: Ծանոթանալով Օրրանի գործունեությանը` անմիջապես պատրաստակամություն է հայտնել օգնել կազմակերպությանը, մշտապես Օրրանի կողքին է և ֆինանսական տնօրենը:
- Ես վերահսկում եմ ծախսվող յուրաքանչյուր լումա, որպեսզի կազմակերպության միջոցները նպատակային ծախսվեն,- ասաց Գ. Գրիգորյանը:
Օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
- Բարեգործությունն Աստվածատուր շնորհ է: Ամեն մարդ ունի բարեգործություն անելու իրավունք, եթե ունի գիտակցական այն մակարդակը, այն պատրաստվածությունը, որով ինքը պետք է ստանա հոգևոր մխիթարություն, գոհունակություն: Երջանիկ են նրանք, ովքեր տալ գիտեն- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը` կոչ անելով մեծահարուստներին, գործարարներին առավել առատաձեռն գտնվել, բաժին հանել սեփական միջոցներից` յուրաքանչյուրը ստանձնելով մեկական երեխայի հովանավորությունը:
- Վանաձորում քիչ չեն ունևորները, ովքեր կարող են օգտվել այս Աստվածատուր շնորհից` բարեգործություն անելու հնարավորությունից  և այստեղ ներկայանալ հոգու պարտք տալով այն երեխաներին, ովքեր մեր կողքին են, մեր մեջ: Ինչպես կարող է որևէ մեկը կուշտ քնել, ապրել զեխ կյանքով, եթե ինչ- որ մեկը անօթի է: Մեր ազգին հակացուցված  է աղքատ լինել, մուրացիկ լինել,- ասաց նա:
Բազում բարերարների թվում էր նաև փոքրիկ Տիգրանը, ով նախորդ տարի մի կլորիկ գումար է նվիրաբերել և որպես շնորհակալություն՝ նրա անունով խնձորենի է տնկվել նորակառույց շինության այգում:
Եռահարկ շինությունը, ինչպես արդեն նշվեց, կառուցվել է ՚՚Կանակա՚՚ շինկազմակերպության կողմից: Հայկ Հովիվյանի առատաձեռնությունն ու սրտացավությունն անգնահատելի արժեքներ համարեց Արմինե Հովհաննիսյանը: Շինության ճարտարապետն է Կարեն Յավրյանը, տեխնիկական վերահսկողը Վարդան Մանանյանը: Կամավոր հիմունքներով որակի վերահսկողություն է կատարել միջազգային փորձագետ Արա Գրիգորյանը: Շինության ճակատը զարդարում են վանաձորցի քանդակագործների աշխատանքները: Նրանց բոլորին իր անսահման երախտագիտությունը հայտեց կազմակերպության հիմնադիրը:
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթալու կատարված աշխատանքներին նաև շենքի ներսում:
Օրրանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է Մարիամ Մանուչարյանը, ով ջանք չի խնայում, որ երեխաները լինեն ապահով ու տաքուկ ձեռքերում: Այստեղ այցելում է 55 երեխա: Նոր տարածքի առկայության դեպքում նրանց թիվը զգալիորեն կավելանա: Այստեղ ամենօրյա տաք սննունդ, կրթություն և սոցիալական  աջակցություն, առողջապահական, հոգեբանական ծառայություններ կստանան կարիքավոր երեխաները,  աջակցություն կցուցաբերվի միայնակ անօգնական տարեցներին: Վերջիններս այստեղ նույնպես սնվելու հնարավորություն կունենան: Դպրոցական օրվա ավարտից անմիջապես հետո կենտրոն կժամանեն երեխաները, որտեղ կհոգան նրանց ոչ միայն առողջ սննդով ապահովելու մասին, այլև բանիմաց մանկավարժների օգնությամբ կանցկացվի դասապատրաստում: Բացի այդ, այստեղ դպրոցահասակ երեխաները կսովորեն տարբեր արհեստներ, կայցելեն մշակութային օջախներ, կհյուրընկալվեն անվանի մարդկանց, ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն կունենան: Նրանք հետագայում կունենան նաև աշխատանքի տեղավորվելու հնարավորություն:

ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ  
 

Комментариев нет:

Отправить комментарий