воскресенье, 28 октября 2012 г.

                

ՆՈՐԱՄՈՒՏ

Վանաձորում բացվեց Օրրանի նորակառույց մասնաշենքը



                                               Լոռի ՀԸ 23.10.2012



Օրրանի համար նոր մասնաշենքի կառուցումը Վանաձորում սկսվեց երկու տարի առաջ Օրրան կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի և նրա ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Շենքի շինարարությունը ստանձնեց ՚՚Կանակա՚՚ շինարարական կազմակերպությունը` ի դեմս նախագահ Հայկ Հովիվյանի: Շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ էր ավելի քան մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Տիկին Արմինեն խոստացավ հայթայթել անհրաժեշտ գումարը, Հ. Հովիվյանը` շենքը շահագործման հանձնել ժամանակին ու որակով: Նրանք հաստատկամ էին իրենց խոստման մեջ. շենքը շահագործման հանձնվեց ճիշտ ժամանակին, իսկ արդյունքը գերազանցեց սպասելիքները:
Հոկտեմբերի 23-ին անցկացվեց Օրրանի նոր, եռահարկ մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին Հովհաննիսյան ամուսինները, կենտրոնի կառուցման հովանավորներ անգլիահայ բարերարներ Գրիգոր և Աննա Գրիգորյանները, որոնց անունով էլ կոչվել է կազմակերպության նոր մասնաշենքը, ՚՚ՎիվաՍել-ՄՏՍ՚՚-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել շենքի կառուցման հարցում, մշտապես կազմակերպության կողքին է և այսուհետ ևս պատրաստակամ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Շենքի կառուցման համար իրենց ներդրումններն են ունեցել  Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը,  իտալական CIPS կազմակերպությունը, որի ներկայացուցիչները ևս ներկա էին հանդիսությանը, նրանց մի մասը ժամանել էր Իտալիայից հատուկ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Լոս-Անջելեսից միջոցառմանը մասնակցելու համար ժամանել էին բարերարներ Զավեն և Սոնյա Աքյանները, Ալվարդ Բարսեղյանը, Սյուզն Քլեյնը, Արաբական Միացյալ Էմիրաթներից` Նազո Բուրղուրջյանը, ովքեր մշտապես նյութական և բարոյական աջակցություն են ցուցաբերում կազմակերպությանը: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:
- Ինձ մնում է ողջունել, շնորհակալություն հայտնել այս կարևոր գործը նախաձեռնողներին, բարերարներին և վստահեցնել, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես ձեր կողքին են լինելու` աջակցելով ցանկացած հարցում: Այսօր մեծահարուստներից շատ քչերն են կարողանում բաժին հանել իրենց միջոցներից, ուստի բարերարների ներդրումն անգնահատելի ծառայություն է,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Արմինե Հովհաննիսյանը, Վանաձորում Օրրան կազմակերպության մասնաճյուղը գործում է դեռևս 2009 թվականից, սական,  ըստ Հովհաննիսյան ընտանիքի կատարած ուսումնասիրության, երկրորդ մասնաշենքի կառուցումը պարզապես անհրաժեշտություն էր, ուստի  նախաձեռնության մասին տեղյակ է պահվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, ով ողջունել է նախաձեռնությունն` առաջարկելով իր ծառայությունները: Քաղաքապետը ևս շնորհավորեց նորամուտի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց բարերարներին և Հովհաննիսյան ընտանիքին:
- Այստեղ մեր քաղաքի երեխաները հնարավորություն կունենան արտադպրոցական կրթություն ստանալու, արհեստներ սովորելու և որ ամենակարևորն է` փողոցից կտրվելու ու հասարակությանը պիտանի մարդ լինելու,- ասաց Ս. Դարբինյանը:
Ռալֆ Յիրիկյանը Օրրանի կողքին է եղել հիմնադրման օրվանից և անցած տարիների ընթացքում մշտապես ֆինանսական զգալի  աջակցություն է ցուցաբերել:
- Մեր խնդիրն է վերացնել մուրացիկությունը, ունենալ երջանիկ երեխաներ: Երեխաներին ուրախություն պարգևելով, երջանկություն տալով` մենք դնում ենք առողջ սերունդ ու ապագա ունենալու հիմքերը: Այս գաղափարից ելնելով է, որ ՚՚ՎիվաՍել- ՄՏՍ՚՚-ը մշտապես պատրաստ է աջակցելու Օրրանին: 
Տիկին Արմինեի ներկայացմամբ` Գրիգոր Գրիգորյանը յուրահատուկ անձնավորություն է` ծնվել է  Կիպրոսում, ապրել Պաղեստինում, այժմ բնակվում է  Անգլիայում: Ծանոթանալով Օրրանի գործունեությանը` անմիջապես պատրաստակամություն է հայտնել օգնել կազմակերպությանը, մշտապես Օրրանի կողքին է և ֆինանսական տնօրենը:
- Ես վերահսկում եմ ծախսվող յուրաքանչյուր լումա, որպեսզի կազմակերպության միջոցները նպատակային ծախսվեն,- ասաց Գ. Գրիգորյանը:
Օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
- Բարեգործությունն Աստվածատուր շնորհ է: Ամեն մարդ ունի բարեգործություն անելու իրավունք, եթե ունի գիտակցական այն մակարդակը, այն պատրաստվածությունը, որով ինքը պետք է ստանա հոգևոր մխիթարություն, գոհունակություն: Երջանիկ են նրանք, ովքեր տալ գիտեն- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը` կոչ անելով մեծահարուստներին, գործարարներին առավել առատաձեռն գտնվել, բաժին հանել սեփական միջոցներից` յուրաքանչյուրը ստանձնելով մեկական երեխայի հովանավորությունը:
- Վանաձորում քիչ չեն ունևորները, ովքեր կարող են օգտվել այս Աստվածատուր շնորհից` բարեգործություն անելու հնարավորությունից  և այստեղ ներկայանալ հոգու պարտք տալով այն երեխաներին, ովքեր մեր կողքին են, մեր մեջ: Ինչպես կարող է որևէ մեկը կուշտ քնել, ապրել զեխ կյանքով, եթե ինչ- որ մեկը անօթի է: Մեր ազգին հակացուցված  է աղքատ լինել, մուրացիկ լինել,- ասաց նա:
Բազում բարերարների թվում էր նաև փոքրիկ Տիգրանը, ով նախորդ տարի մի կլորիկ գումար է նվիրաբերել և որպես շնորհակալություն՝ նրա անունով խնձորենի է տնկվել նորակառույց շինության այգում:
Եռահարկ շինությունը, ինչպես արդեն նշվեց, կառուցվել է ՚՚Կանակա՚՚ շինկազմակերպության կողմից: Հայկ Հովիվյանի առատաձեռնությունն ու սրտացավությունն անգնահատելի արժեքներ համարեց Արմինե Հովհաննիսյանը: Շինության ճարտարապետն է Կարեն Յավրյանը, տեխնիկական վերահսկողը Վարդան Մանանյանը: Կամավոր հիմունքներով որակի վերահսկողություն է կատարել միջազգային փորձագետ Արա Գրիգորյանը: Շինության ճակատը զարդարում են վանաձորցի քանդակագործների աշխատանքները: Նրանց բոլորին իր անսահման երախտագիտությունը հայտեց կազմակերպության հիմնադիրը:
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթալու կատարված աշխատանքներին նաև շենքի ներսում:
Օրրանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է Մարիամ Մանուչարյանը, ով ջանք չի խնայում, որ երեխաները լինեն ապահով ու տաքուկ ձեռքերում: Այստեղ այցելում է 55 երեխա: Նոր տարածքի առկայության դեպքում նրանց թիվը զգալիորեն կավելանա: Այստեղ ամենօրյա տաք սննունդ, կրթություն և սոցիալական  աջակցություն, առողջապահական, հոգեբանական ծառայություններ կստանան կարիքավոր երեխաները,  աջակցություն կցուցաբերվի միայնակ անօգնական տարեցներին: Վերջիններս այստեղ նույնպես սնվելու հնարավորություն կունենան: Դպրոցական օրվա ավարտից անմիջապես հետո կենտրոն կժամանեն երեխաները, որտեղ կհոգան նրանց ոչ միայն առողջ սննդով ապահովելու մասին, այլև բանիմաց մանկավարժների օգնությամբ կանցկացվի դասապատրաստում: Բացի այդ, այստեղ դպրոցահասակ երեխաները կսովորեն տարբեր արհեստներ, կայցելեն մշակութային օջախներ, կհյուրընկալվեն անվանի մարդկանց, ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն կունենան: Նրանք հետագայում կունենան նաև աշխատանքի տեղավորվելու հնարավորություն:

ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ  
 

пятница, 5 октября 2012 г.


Կանակա» ԲԲԸ-ը երաժշտական դպրոցներ կառուցելու և նորոգելու փորձ ունի
Գյուրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեք
1988-ի երկրաշարժի հետևանքով փլված երաժշտանոցը մինչ օրս տեղակայված է եղել երկաթե տնակում և չնայած տարրական պայմանների բացակայությանը, շարունակել է տաղանդավոր երեխաներ պատաստել: Երկար տարիներ դպրոցի անապահով սաներին աջակցել է Հայ Օգնության Ֆոնդը:
Սեպտեմբերի 25-ին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՕՖ-ի նախագահ, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, ինչպես նաև Մարտիկյան ընտանիքը  ներկա գտնվեցին  դպրոցի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:
  Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը օրհնեցին շինարարական աշխատանքների սկիզբն ու հիշատակարանը զետեղվեց շենքի հիմքում:
 Նոր շենք կառուցելու միտքը ծնվել  է 5 տարի առաջ, երբ Գյումրի են այցելել ամերիկահայ Էդվարդ և Ժանետ Մարտիկյանները: Վերականգնման ծրագիրը կիրականացնեն  Մեդիամաքս-ը, Հայ օգնության ֆոնդը և ավստրալիական Do Something կազմակերպությունը:
  Նախատեսվում է երաժշտանոցը շահագործման հանձնել մեկ տարի անց է:  Նորակառույց դպրոցն, ըստ նախագծի, ունի երեք մասնաշենք, որոնցից մեկը երկհարկանի է` մեծ և լուսավոր դահլիճով,  16 դասասենյակով: Շինարարությունը կիրականցնի «Կանակա» ԲԲԸ-ը, ով երաժշտական դպրոցներ կառուցելու և նորոգելու փորձ ունի:  Շենքի նախագիծը կազմելիս, բացի սեյսմիկ անվտանգությունից, հաշվի են առնվել նաև երաժշտական կրթօջախի համար պարտադիր մի շարք առանձնահատկություններ:
  Շինաշխատանքների վերահսկողությունը  ստանձնել է ՀՕՖ-ը, որը Շիրակի մարզում շինարարական նախագծերի իրականացման և վերահսկողության տարիների փորձ  ունի:

հեղ. Վիկտորյա Կարապետյան

 ՇՈՂՈԿԱԹ ՀԸ  2012


Շ ՀԸ  2012